Աղբիւր՝ www.yerkir.am
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած Պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը Պատարագ մատուցում՝ յիշատակելով ցեղասպանութիւնը: Մինչ այժմ եղել են միայն աղօթքներ տարբեր ցեղասպանութիւնների զոհերի հոգիների հանգստութեան համար, բայց Պատարագ դեռեւս չէր մատուցուել: Յատկանշական է, որ Պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ճնշումը նրա եւ Սուրբ Աթոռի վրայ եղել է աննախադէպ: Թուրքական կողմն ամէն կերպ է փորձել է խաթարել Պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:
Պատարագը ոչ միայն կմատուցուի, այլեւ ուղիղ կը հեռարձակի: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրել է իր քարոզը եւ նախատեսւում է, որ Պատարագից յետոյ նա կը մօտենայ Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանին (սովորաբար, Պատարագը վերջացնելուց յետոյ Պապը դուրս է գալիս տաճարից):
Հռոմ ժամանած լրագրողներին ներկայացնելով սպասուող պատմական իրադարձութեան մանրամասները՝ Սուրբ Աթոռում Հ.Հ.-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանը նշել է, որ մատուցուելիք Պատարագի աւարտին նախատեսուած են նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսների ելոյթները:
«Սուրբ Պետրոսի տաճարում այս Պատարագն աննախադէպ է մի քանի առումով. բացի վերը նշածներիցս, կարեւոր է նաեւ առանձնացնել, որ տեղի կ'ունենայ հայկական մեռելոցի ծիսական կարգ: Պատարագը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցւում է աշխարհի բոլոր հայերի համար»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է դեսպանը:
Նախատեսւում է, որ պատուիրակութիւններ կը լինեն տարբեր մայրցամաքների երկրների հայկական համայնքներից: Պատարագի աւարտին կը լինի նաեւ Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: «Կը հնչի լատիներէն ֆորմուլան, եւ Նարեկացին կը յայտարարուի Տիեզերական եկեղեցու վարդապետ»,- ասել է Միքայէլ Մինասեանը:
Իսկ մինչ Պատարագը` ապրիլի 11-ին, եւս մէկ յիշարժան միջոցառում է ծրագրուած. Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկնօրինակը կը զարդարի իտալական Նէապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու բակը:
Խաչքարը կերտուել է 1.5 տարուայ ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից աւերուած Հին Ջուղայի մշակութային արժէքը: Հայոց ցեղասպանութեանը նուիրուած յուշակոթողը կօծուի ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ կարդինալ Սեպէի: